Իգնատի Առաքելյան․ «Միշտ գտել եմ խնդրի լուծման ճանապարհը»

Ignati Arakelyan
Իգնատի Առաքելյանը պատմել է, թե ինչպես է ընդունել գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և ինչ սպասումներ ուներ նոր աշխատանքից։ Նրա խոսքով՝ պետական համակարգում աշխատելու առաջարկն անսպասելի էր, քանի որ մինչ այդ իրեն երբեք պետական ծառայողի դերում չէր պատկերացրել։ Այդուհանդերձ, նա համաձայնել է ստանձնել պաշտոնը՝ հույս ունենալով արդյունքի հասնել ոլորտում։ Առաքելյանը նշել է, որ իր մասնագիտական ճանապարհին վստահ է եղել սեփական ուժերին։ «Միշտ վստահ եմ եղել իմ ուժերի վրա»,— ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքի ընթացքում նպատակներին հասնելու հարցում իրեն անլուծելի իրավիճակ չի հանդիպել։ Նախարարի գնահատմամբ՝ գյուղատնտեսության համակարգի խնդիրներն ամբողջությամբ հասկանալու համար հարկավոր է ներսից ծանոթանալ ոլորտին․ արտաքինից հնարավոր չէ պատկերացնել դրանց ամբողջ ծավալը։ Նա միաժամանակ զգուշացրել է, որ փոփոխությունները ժամանակ են պահանջում։ Ըստ Առաքելյանի՝ ոչ մի ոլորտ հնարավոր չէ հիմնովին փոխել ընդամենը մի քանի ամսում, սակայն հնարավոր է հստակ ճանապարհ նախանշել, հետևողականորեն առաջ շարժվել և ամեն տարի արդյունք արձանագրել։ Մասնավոր և պետական աշխատանքի համեմատության մասին խոսելիս նա ասել է, որ մասնավոր հատվածում աշխատելն ավելի հեշտ ու ճկուն է թվում՝ հաշվի առնելով իր նախկին փորձը։ Սակայն աշխատանքի հաճելի լինելը, նրա կարծիքով, մեծապես կապված է սովորության հետ, և հնարավոր է՝ տարիներ անց ինքը ևս այլ կերպ գնահատի պետական համակարգում աշխատանքը։ Առաքելյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է արագ արձագանքել ընթացիկ խնդիրներին, միաժամանակ իրականացնել երկարաժամկետ ծրագրեր։ Նա առաջնահերթ է համարել «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի գործարկումը և ասել, որ փորձում են արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ ֆերմերներին այդ համագործակցությանը միացնելու համար։
Աղբյուր ↗