Կլաուդիո Գուջերոտին մտահոգվել է Հայաստանի կառավարության և Մայր Աթոռի լարվածությամբ

Վատիկանի Արևելյան եկեղեցիների վերատեսչության ղեկավար, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Հայաստանի կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև ստեղծված լարվածության կապակցությամբ։ Նրա անհանգստության առիթ են դարձել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ուղղված վերջին գործողությունները, հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։
Հաղորդագրության համաձայն՝ կարդինալն այդ հարցերը բարձրացրել է նոյեմբերի 17-ին՝ Սուրբ Հարության տաճար կատարած այցի ընթացքում։ Նա զրուցել է Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ և իր մտահոգությունը հայտնել Հայաստանի կառավարության ու Մայր Աթոռի միջև առկա իրավիճակի մասին։
Գուջերոտին տարիներ շարունակ կապեր է ունեցել հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու հետ։ Նա տիրապետում է հայերենին՝ թե՛ գրաբարին, թե՛ աշխարհաբարին, և երկար ժամանակ հայոց լեզու ու գրականություն է դասավանդել Հռոմի Քահանայապետական արևելագիտական ինստիտուտում։ Կարդինալը նաև հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ է՝ անդրադարձած Հայ եկեղեցու ձեռնադրության ծեսերին և Կիլիկյան շրջանի ծիսական ավանդույթներին։
2024 թվականի փետրվարին նա այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այդ ժամանակ Վեհափառ Հայրապետը բարձր էր գնահատել Գուջերոտիի ներդրումը հայագիտության զարգացման գործում։ Այս անգամ կարդինալի հայտարարության առանցքում, ըստ պատրիարքության հաղորդագրության, Հայաստանում եկեղեցու և կառավարության հարաբերությունների շուրջ ստեղծված լարվածությունն է։
Աղբյուր ↗