Հայկ Մարտիրոսյան․ «Երազում էի Մագնուսի դեմ խաղալ, իսկ հիմա հաղթել եմ նրան»

Հայկ Մարտիրոսյանը դեռ փորձում է հասկանալ, թե ինչպես իրեն հաջողվեց հաղթել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին։ Բուդապեշտում անցկացվող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի շրջանակում Կարլսենի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայ գրոսմայստերը կիսվել է իր ապրումներով FIDE-ի մամուլի ծառայության հետ զրույցում։
Մարտիրոսյանն ասել է, որ դժվարանում է մեկ բառով նկարագրել զգացողությունները և նախ ցանկանում է մանրամասն վերլուծել երկու պարտիաները։ Միևնույն ժամանակ չի թաքցրել ուրախությունը՝ նշելով, որ նաև երկրորդ խաղն էր հետաքրքիր։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կիրառված դիրքային կառուցվածքն իրեն ծանոթ չէր, բայց կարծում է, որ գտել է ամենահուսալի և տրամաբանական շարունակությունները։ Շախմատիստի գնահատմամբ՝ այդ պարտիայում ինքը վտանգի տակ չի եղել, իսկ հետխաղյա զրույցում Կարլսենն էլ նշել է, որ սևերով դիրքը լիովին նորմալ էր։
Հայկ Մարտիրոսյանի համար այս հանդիպումը վաղուց փայփայած ցանկության իրականացում էր։ Նա պատմել է, որ երազում էր թեկուզ մեկ դասական պարտիա խաղալ Մագնուս Կարլսենի դեմ, և հատկապես ուրախ է, որ առաջին խաղում կարողացել է հաղթել նրան։ Մարտիրոսյանը կատարվածը բնութագրել է որպես իրականացած երազանք և հիանալի զգացողություն։
Առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի նկատմամբ, իսկ պատասխան խաղում կողմերը ոչ-ոքի են գրանցել։ Այդ արդյունքներից հետո հայ շախմատիստը վաստակել է 10 միավոր և միանձնյա գլխավորում է C խմբի աղյուսակը։ Մրցաշարում նրա հաջորդ մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։
Աղբյուր ↗