Հարվի Սարաջյանը որոշել է Հայաստանի հավաքականում հանդես գալ

Harvey Sarajian
«Օռլանդո Սիթիի» 21-ամյա հարձակվող Հարվի Սարաջյանը որոշել է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ երիտասարդ ֆուտբոլիստը համաձայնել է միանալ ընտրանուն, իսկ նրա որոշումն ուրախությամբ է ընդունվել նաև ընտանիքում։ Սարաջյանի՝ Հայաստանի հավաքականում խաղալու հարցում դեր է ունեցել Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ-ի դեսպանը Հյուսիսային Ամերիկայում և ազգային թիմի նախկին հարձակվողը։ Մովսիսյանի խոսքով՝ ինքը որոշ ժամանակ հետևել է ֆուտբոլիստի ելույթներին և տպավորվել նրա խաղով ու արդյունավետությամբ։ Նա Սարաջյանի մասին իր դիտարկումները ներկայացրել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որոնք նույնպես ուսումնասիրել են նրա խաղը։ Մովսիսյանը պատմել է, որ Օռլանդոյում անձամբ հանդիպել է երիտասարդ ֆուտբոլիստին։ Նրա գնահատմամբ՝ Սարաջյանն արագ է, բարձրահասակ և տեխնիկապես պատրաստված, իսկ MLS-ում ձեռք բերած փորձը կարող է օգտակար լինել հավաքականին։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ նշել է, որ ամերիկյան առաջնությունում խաղալու փորձն ու ֆուտբոլիստի որակները կարող են նոր մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին։ Ինքը՝ Սարաջյանը, ՀՖՖ-ին տված զրույցում ասել է, որ հավաքականն ընտրելը մեծ նշանակություն ունի իր համար։ Նա ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, սակայն հայկական ծագումն, իր խոսքով, միշտ եղել է ինքնության կարևոր մաս։ Հայաստանի անունից խաղալու հնարավորությունը նա համարում է ընտանիքը ներկայացնելու և իր արմատներին ավելի մոտենալու առիթ։ Ֆուտբոլիստը նաև պատմել է, որ Մովսիսյանի հետ հանդիպումն իրեն ոգևորել է և մեծացրել հավատը հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ։ Ըստ հրապարակման՝ Սարաջյանի հայրն ու պապը հայեր են, իսկ նրա ընտանիքը ուրախությամբ է ընդունել հավաքականին միանալու որոշումը։
Աղբյուր ↗