Յակոբ Եագուպեան․ ուսուցչին զորացնելով՝ պատրաստում ենք կրթական փոփոխությունների առաջնորդների

Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկը կրթության ոլորտում ուսուցիչների դերն ու պատրաստվածությունը վերաիմաստավորելու փորձ է։ Ծրագրի հիմնադիր ղեկավար, ՀԱՀ-ի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Յակոբ Եագուպեանի խոսքով՝ նպատակը միայն նոր մասնագետներ պատրաստելը չէ, այլ ուսուցիչների կարողությունների ամրապնդումն ու կրթական առաջնորդության զարգացումը։
Մեդիամաքսի հետ զրույցում Եագուպեանն ասել է, որ «Կրթական գիտությունների մագիստրոս» ծրագիրը ձևավորվել է կրթության ոլորտի կարիքների մի քանի տարի տևած ուսումնասիրության հիման վրա։ ՀԱՀ-ն երկար տարիներ առաջարկել է անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսական ծրագիր, սակայն ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ ուսուցիչների մասնագիտական կրթության պահանջները միայն լեզվի դասավանդմամբ չեն սահմանափակվում։
Նրա ներկայացմամբ՝ այդ աշխատանքը ներառել է տեղական պահանջների և միջազգային միտումների դիտարկում։ Եագուպեանը նշել է, որ անգլերենի դասավանդման ծրագիրը կշարունակի գործել, իսկ նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա կրթության ոլորտի ավելի լայն շրջանակում զարգացնել ուսուցիչների գիտելիքներն ու հմտությունները։
Եագուպեանը կրթության ոլորտում աշխատել է տարբեր մակարդակներում՝ հանրակրթական դպրոցների ղեկավարումից մինչև միջազգային խորհրդատվություն, ուսումնական ծրագրերի մշակում և ուսուցիչների վերապատրաստման նախաձեռնություններ։ Նա ՀԱՀ-ի ֆակուլտետի դեկան է 2022 թվականից։ Մասնագիտական ուղու այդ փորձը, ըստ հարցազրույցի, հիմք է դարձել նոր ծրագրի տեսլականի ձևավորման համար։
Նոր ծրագրի գաղափարի կենտրոնում ուսուցչի ազդեցության վերագնահատումն է։ Եագուպեանի ձևակերպմամբ՝ փոփոխությունների առաջնորդ պատրաստելը սկսվում է ուսուցչի հզորացումից և մեկ երեխայի կյանքում դրական փոփոխություն անելու շարունակական նվիրումից։ ՀԱՀ-ի նախաձեռնությունը միտված է այդ մոտեցումը վերածելու մասնագիտական կրթության համակարգված հնարավորության՝ ուսուցիչներին պատրաստելով ավելի լայն պատասխանատվության և կրթական առաջնորդության։
Աղբյուր ↗