Նարեկ Մկրտչյանը ներկա է եղել Մելանիա Թրամփի վավերագրական շարքի պրեմիերային

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է եղել «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային։ Դիվանագետը հայտնել է, որ միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի հրավերով։ Պրեմիերան կայացել է Նյու Յորքում։
Մկրտչյանը սոցցանցում գրել է, որ միջոցառման ընթացքում հանդիպել և զրուցել է հոլիվուդյան ռեժիսոր Բրեթ Ռաթների հետ, որը շարքի հեղինակն է։ Նա նշել է նաև նախագծի գործադիր պրոդյուսեր, առաջին տիկնոջ ավագ խորհրդական Մարկ Բեքմանի և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցի հետ հանդիպման մասին։
Դեսպանը պրեմիերայից լուսանկար էլ է հրապարակել։ Կադրերում նա կանգնած է մեկ այլ տղամարդու կողքին՝ «MELANIA: The Series» գրությամբ էկրանի ֆոնին։ Մկրտչյանի հաղորդմամբ՝ հրավերը ստացել էր անձամբ Մելանիա Թրամփից։
Աղբյուր ↗